11 մայիսի 2020
ՊԵԿ շնագիտական կենտրոնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում
Արտակարգ դրության օրերին կինոլոգները մասնագիտական վերապատրաստում են անցնում

Պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով: Ծառայության ավարտից հետո ախտահանում է իրականացվում նաև ծառայողական շների համար:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Սակայն Մեղրիի մաքսային կետ-բաժնում մշտական ծառայությունը պահպանվում է:

Արտակարգ դրության ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, բարձրացվել են շնավարժների նեղ մասնագիտական գիտելիքները, ծառայողական շների աշխատանքային որակները և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Ուզբեկստանի Հանրապետությունում վերապատրաստված երկու շնավարժ-կինոլոգները տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացրել բաժնի աշխատակիցների համար` կինոլոգիայի ծագման, զարգացման, շների հոգեբանության, ընդհանուր և հատուկ վարժեցման վերաբերյալ:

ՊԵԿ շնագիտական կենտրոնում շարունակում են բարձրացնել ծառայողական շների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Անցկացվում են թմրանյութերի և հոգեմետ դեղերի որոնման մարզումներ` իրականին նմանեցված պայմաններում, մասնավորապես՝ մարդատար մեքենաներում, փոստային բաժանմունքի, մաքսային անցակետի և բնակարանի նմանեցված սենյակներում։

Պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգում են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: