16 հունիսի 2020
Orer.am. «ՊԵԿ-ը՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ ԼԵՎոն Յոլյանի կողմից ներկայացված «թերությունների» վերաբերյալ»
ՊԵԿ-ի պարզաբանումը Orer.am լրատվական կայքին

Հունիսի 5-ի ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից ներկայացվեցին ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայությունում իրականացված հաշվեքննության արդյունքում հայտնաբերված «թերությունները», ի թիվս որոնց, պարոն Յոլյանի կողմից նշվեց, որ 2018թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ պահանջով հարուցված թվով 242 կատարողական վարույթներ ՀՀ ԱՆ ՀԿ ծառայության կողմից կարճվել են, քանի որ դրանք ՀՀ ՊԵԿ կողմից ծառայություն են ներկայացվել օրենսդրության պահանջների խախտումներով՝ առանց դատարանի վճիռների և հաշվեքննության արդյունքում պարզվել է,  որ այդ վարչական ակտերը վճիռներով ՀՀ ՊԵԿ կողմից չեն ներկայացվել ՀՀ ԱՆ ՀԿ ծառայություն և արդյունքում ՀՀ պետական բյուջե մուտք չի եղել 563 մլն դրամ:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար Orer.am-ը դիմեց ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն: Մեր հարցմանն ի պատասխան, ՊԵԿ-ից տեղեկացրեցին.

«Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ համաձայն մինչև 01.04.2018թ-ը գործած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.-ին մասի՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա`  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 1.1 մասի համաձայն՝ Հանրային իրավական դրամական պահանջները ենթակա էին հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե`
   ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը, 
   բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,
   գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Հարկ է նշել, որ նշված օրենքի 88-րդ հոդվածի 1.1 մասի, ա) կետով նախատեսված սահմանափակումից բացի,  մյուս կետերով նախատեսված պայմանները կարող են բացահայտվել միայն վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու արդյունքում հարուցված կատարողական վարույթների շրջանակներում, ուստի ՀՀ ՊԵԿ-ը, պահպանելով օրենքի տառը, ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայություն է ներկայացրել օրենսդրության համաձայն անբողոքարկելի դարձած վարչական ակտերը՝ դրանցով գանձման ենթակա գումարները բռնագաձելու նպատակով:
Ավելին, ՀՀ ԱՆ ՀԿ ծառայության կողմից վերը նշված սահմանափակումները բացահայտելուց հետո կարճված բոլոր կատարողական վարույթների վերաբերյալ նյութերը ստանալուց հետո,  ՀՀ ՊԵԿ-ի կողմից համապատասխան հայցադիմումներ են ներկայացվել ՀՀ վարչական դատարան (ավելի քան 400 հայց) և վճիռների հիման վրա տրված կատարողական թերթերը ներկայացվել են ՀԿ ծառայություն՝ կատարման:

Համապատասխան ցանկերի ներկայացման դեպքում ՀՀ ՊԵԿ-ը պատրաստակամ է տրամադրել ավելի մանրամասն տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է նույն նիստի ընթացքում պարոն Յոլյանի կողմից ներկայացված այն տեղեկատվությանը, որ ՀՀ ՊԵԿ պահանջով ՀՀ ԱՆ ՀԿ ծառայությունում հարուցված թվով 5155 կատարողական վարույթներ կարճվել են պահանջատիրոջ կողմից պահանջների կատարումից հրաժարվելու հիմքով, ՀՀ ՊԵԿ-ը հայտնում է,  որ հանրային իրավական դրամական պահանջների հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակներում բազմաթիվ են գործերը, երբ բռնագանձման ենթակա գումարը պարտապանների կողմից վճարվում է պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարներին, ինչի արդյունքում ՀԿ ծառայությունը չի տիրապետում բռնագանձման ենթակա պարտավորության մնացորդի չափին: 

Նշվածից ելնելով ՀՀ ՊԵԿ-ը, ՀՀ ԱՆ ՀԿ ծառայությանը տրամադրում է տեղեկատվություն՝ կատարված վճարումների վերաբերյալ, հաճախ՝ պարտավորություններն ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ, ինչն էլ հիմք է հանդիսանում ծառայության համար՝ կարճելու հարուցված կատարողական վարույթները: Ավելին, ելնելով վերոգրյալից կարելի է փաստել, որ պարոն Յոլյանի կողմից ներկայացված 374.5 մլն դրամ գումարը վերաբերում է արդեն իսկ դադարած հարկային պարտավորությունների կամ տուգանքների գումարներին»: