08 հոկտեմբերի 2020
«Այս օրերին հարկ վճարողների վարքագիծը գնահատում եմ կառավարելի ԵՎ բավականին դրական». ՊԵԿ նախագահ
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հարցազրույցը «Հայկական ժամանակ» օրաթերթին

Երկրում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ շատ կարևոր է նաև տնտեսության կայունությունը: Հենց այս իրավիճակում է, որ պետական բյուջեն եկամուտների կարիք ունի, և շատ կարևոր է, որ շրջանառությունը առնվազն չքչանա:

ՀԺ-ն ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հետ զրուցել է այս օրերին կոմիտեի կողմից իրականացվող աշխատանքների եւ տնտեսվարողների վարքագծի մասին:

-Պարո՛ն Հովհաննիսյան, ներկա իրավիճակում ռազմաճակատի ամրությունից զատ պակաս կարևոր չէ նաեւ տնտեսության բնականոն գործունեության ապահովումը, ի՞նչ աշխատանքներ է ՊԵԿ-ն իրականացնում հարկ վճարողների հետ՝ հարկային կարգապահության և թիկունքի ամրությունն ապահովելու ուղղությամբ:

-Կոմիտեի բոլոր ստորաբաժանումներն անցել են շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և ապահովում են հարկային ու մաքսային ծառայությունների հետ կապված  խնդիրների լուծումները: Այս օրերին մաքսային ծառայությունն աշխատում է գերլարված գրաֆիկով՝ պայմանավորված ՀՀ տարածք ներկրվող ապրանքների բազմազանությամբ, օժանդակության տարբեր միջոցներով և այլն:

Վրաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգությամբ ադրբեջանցիների կողմից հնարավոր վտանգները կանխելու նպատակով մենք վրացի գործընկերների հետ պայմանավորվածության շրջանակներում հայկական պետհամարանիշներով բեռնատարների սպասարկման հոսքը Բագրատաշենից տեղափոխեցինք Բավրայի մաքսակետ: Դրանով պայմանավորված՝ մենք մաքսակետում համալրեցինք և՛ մաքսային, և՛ այլ օժանդակ ծառայությունների աշխատակիցների քանակը, որպեսզի սպասարկումը լինի հնարավորինս արագ ու հարմարավետ:

Ինչ վերաբերում է հարկային եկամուտների հավաքագրմանը, ապա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և որոշակի անհարմարությունները՝ չենք թուլացրել հարկային հսկողությունը. այն տեղափոխել ենք մի փոքր գրասենյակային դաշտ ու վերահսկողությունը հիմնականում իրականացվում է աննկատելի եւ անտեսանելի եղանակով: Իհարկե, քիչ չեն դեպքերը, երբ անբարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ, անգամ այս պայմաններում, իրականացվում է խիստ վարչարարություն և հսկողական աշխատանքներ: Կարծում եմ, այստեղ ավելի շատ մենք պետք է վստահենք և հավատանք մեր հարկ վճարողներին, իրենց ինքնագիտակցությանը, որպես ՀՀ քաղաքացի իրենց պատասխանատվությանը: Այս պայմաններում որևէ մեկի կողմից հարկ թաքցնելը հավասար է դավաճանության՝ հայ ազգին, հայոց բանակին և այն հերոսներին, ովքեր իրենց ամենաթանկ բանը՝ կյանքն են նվիրել մեր հայրենիքի  պաշտպանության համար:

-Ինչպե՞ս եք գնահատում տնտեսվարողների վարքագիծն այս օրերին: Օրինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն օրեր առաջ հայտարարեց, որ գործարարները դիմում են անգամ ժամանակից շուտ հարկերը վճարելու համար, սա ինչպե՞ս կմեկնաբանեք: ՀԴՄ կտրոնների տրամադրման առումով ինչպիսի՞ վիճակ է:

-Ընդհանուր առմամբ, հարկ վճարողների վարքագիծը գնահատում եմ կառավարելի և բավականին դրական: Կան շատ դեպքեր, բարեխիղճ, հայրենասեր գործարարներ, որոնք ջանք չեն խնայում հնարավոր միջոցներով աջակից լինելու և թիկունքն ամուր պահելու հարցում:  ՀԴՄ կտրոնների վիճակագրությունը գտնվում է մեր ամենօրյա հսկողության ներքո և առանձնակի շեղումներ չկան: Մասնավորապես, 2020 թ. սեպտեմբեր ամսին ՀՀ-ում տպվել է 42 մլն 408 810 ՀԴՄ կտրոն, դա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 2 մլն 699 812-ով:

-Այս օրերին տարբեր օժանդակություններ են ուղարկվում Հայաստան, արդյո՞ք մաքսային մարմիններում խնդիրներ առաջանում են այդ ապրանքներն արագ տեղափոխելու հարցում:

-Մաքսակետերն ամբողջությամբ համալրված են անհրաժեշտ աշխատուժով, որպեսզի բոլոր գործարքները հնարավորինս արագ կատարվեն: Սակայն կան իրավիճակներ, երբ մեր հայրենակիցները չեն տիրապետում օրենքի կարգավորումներին և ստեղծված իրավիճակում խնդիրների կարգավորման յուրահատկություններին: Օժանդակությունների եղանակով ՀՀ ներկրվող և տեղափոխվող բեռների համար մենք միջգերատեսչական մակարդակով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատում է: Ինչպես նաեւ մաքսային ծառայության հենց ներսում ստեղծել ենք աշխատանքային խումբ, որը կարգավորում է օժանդակության եղանակով ստացվող բեռների ստացումը, փոխադրումը: Սակայն ստեղծվում են իրավիճակներ, երբ ապրանքներ տեղափոխողները փաստաթղթային ձևակերպումների մեջ ունենում են խնդիրներ, իրենց ընկալմամբ, եթե դա օժանդակություն է, ուրեմն առանց խոչընդոտի պետք է անցնի: Բայց դա մաքսային սահման է և գոյություն ունեն որոշակի կարգավորումներ: Ողջունելով և բարձր գնահատելով մեր հայրենակիցների աջակցությունը՝ պետք է հորդորեմ նրանց տեղում ենթարկվել մաքսային ծառայողների և մյուս պատկան մարմինների հորդորներին և պահանջներին: Դրանք ուղղված են մեկ նպատակի՝ իրենց օժանդակությունը բանակին հասցնելուն:

-«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած համազգային դրամահավաքինՊԵԿ-ը 30 մլն դրամ աջակցություն է ցուցաբերել. սա աշխատակիցների՞ հանգանակությունն է, թե՞ հենց կառույցի:

-Աշխատակիցներն իրենք են գումար հավաքել իրենց ցանկությամբ՝ բոլորով միասին, որն էլ ՊԵԿ-ի անունից փոխանցվել է հիմնադրամին: Սակայն մենք դրանով չենք սահմանափակվել և չենք սահմանափակվելու, այնպես որ սպասեք ավելիին:

-Այս օրերին ՊԵԿ անձնակազմից սահման մեկնած աշխատակիցներ կա՞ն:

-Առաջին իսկ օրվանից 20-ից ավելի ՊԵԿ աշխատակիցներ ինքնակամ մեկնել են ռազմաճակատ՝ նույնիսկ չսպասելով անգամ ՊԵԿ-ի կողմից գործընթացի կազմակերպմանը: Այս պահի դրությամբ կամավորագրվել են մոտ 200 աշխատակիցներ, այդ թվում՝ իգական սեռի ներկայացուցիչներ:

-Պարո՛ն Հովհաննիսյան, 2020 թվականի 9 ամիսների հարկային մուտքերի պատկերն ինչպիսի՞ն է:

-2020 թ. 9 ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումը կազմել է 1 տրլն 16.8 մլրդ դրամ: Նշեմ, որ օրենքով սահմանված պլանային ցուցանիշները եղել է 999.1 մլրդ դրամ: 9 ամիսների ընթացքում հարկ վճարողներին է վերադարձվել 98.9 մլրդ դրամ գումար: 9 ամիսների կտրվածքով հարկային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները 15.1 մլրդ դրամով գերազանցում են 2019 թ. նույն ամիսներին հավաքագրված եկամուտներին: Սա բավականին հուսադրելի և լավ ցուցանիշ է: Տնտեսության անկումը և ՀՆԱ-ի անկման կանխատեսվող ցուցանիշներն այս պահին  կարելի է ասել իրենց ոչ ամբողջական ազդեցությունն են ունեցել հարկային եկամուտների վրա:

-Մինչև տարեվերջ ՊԵԿ-ը որքա՞ն եկամուտ է կանխատեսում հավաքագրել:

-2020 թ. հարկային եկամուտների վերաբերյալ կանխատեսումները՝ համաձայն քաղաքականություն մշակող մարմնի (ֆինանսների նախարարություն) կազմելու են 1 տրլն 320.5 մլրդ դրամ: Իհարկե՛, կանխատեսումների հիմքում ընկած են որոշակի մեթոդաբանական հաշվարկներ և հիմնավորումներ: Մենք մեզ համար սահմանել ենք բարձր նշաձող և բոլոր հնարավոր ջանքերը գործադրել ենք այդ նշաձողին հասնելու և այդ հավաքագրումներն ապահովելու համար: